Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ Է

 

Արդեն երկու տարի է՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ շտեմարանները, որոնցով պարապում են հայաստանյան դպրոցների ավարտական դասարանների աշակերտները, պետք է վերանան։ Նախարարը հատկապես վատ է արտահայտվում հայերենի շտեմարանի մասին։
2018 թ․ օգոստոսի 15-ին տված այս հարցազրույցում նա ասում է․ «Հայերենի հետ կապված արտահայտվել եմ, որ այդ շտեմարանները ցույց չեն տալիս այն ամբողջ պաշարը, որն ունի աշակերտը, հիմնականում դա անգիրի վրա հիմնված գիտելիքի ստուգման ձեւ է»: Հետո նա խոստանում է այդ տարվա սեպտեմբերին ներկայացնել հայերենի ընդունելության քննության նոր հայեցակարգը․ «Հատկապես հայերենի հետ կապված սեպտեմբերի առաջին օրերը ես ասելիք կունենամ»։
Այս հայտարարությունից անցել է մեկ տարի և երեք ամիս, բայց խոստացած ասելիքը այդպես էլ չի հնչել։ 2019 թվականի ընդունելության քննությունները անցկացվել են 2012 թվականին այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի որոշմամբ ստեղծված և արդեն յոթ-ութ տարի գործող, «անգիրի վրա հիմնված» շտեմարանով։
Մի քանի օր առաջ էլ ԳԹԿ պատասխանատուն հայտարարեց, որ եկող տարվա՝ 2020 թվականի հայոց լեզվի և գրականության ընդունելության քննությունը նույնպես կանցկացվի աշոտյանական այդ փտած ու հնամաշ շտեմարանով։
Ահա այսպիսի բարենորոգիչ է կրթության և գիտության գործող նախարարը։ Իր այս բուռն փոփոխությունների և քրտնաջան աշխատանքի համար նրա աշխատավարձը բարձրացել է ուսուցիչների և դասախոսների աշխատավարձի առնվազն տասնապատիկի չափով՝ դառնալով մեկուկես միլիոն դրամ։
Այսպիսով՝ Արայիկ Հարությունյանը գոնե ընդունելության քննությունների առումով կատարյալ հանրապետական է և շարունակում է ՀՀԿ կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարարի լավագույն ավանդույթները։
Երևույթը հասկանալու համար չմոռանանք, որ և՛ Արմեն Աշոտյանը, և՛ Արայիկ Հարությունյանը ավարտել են ռուսական դպրոց։ Այսինքն՝ նրանց էությունը, մտածողությունը խորթ և թշնամի են հայոց լեզվին, առհասարակ հայկական պետականությանը։

Սեյրան Գրիգորյան, ԵՊՀ

Այսօր Այս շաբաթ Այս ամիս