Երևան, 17.Փետրվար.2020,
--
:
--
,

Բագրատյանը մանիպուլացնում էր. հնդիկները չեն «փոխարինում» հայերին

ՍԽԱԼ

 

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը 2019-ի նոյեմբերի 20-ին «5-րդ ալիքի» եթերում, անդրադառնալով արտագաղթի նվազման մասին հայտարարություններին, պնդում էր արել, թե իրականում արտագաղթը կրկնապատկվել է, իսկ մեկնածների և ժամանածների դրական սալդոն Հայաստան եկած հնդիկների «հաշվին» է։ 

«35,000 այս տարի ինն ամսում գնացել է (2019 առաջին ինն ամսում երկրից հեռացածների թիվը- խմբ.)։ Այս տարի ինն ամսում եկել ա 37,519 հնդիկ։ Ես կարամ էս 35,000-ին էս 37-ը գումարեմ։ Բացի էն, որ հայերը շարունակում են գնալ՝ տեմպը չի նվազում, տեղի է ունենում ռակիրովկա՝ replacement, հայերը փոխարինվում են հնդիկներով»,- հայտարարել էր Բագրատյանը։ 

Հարցազրույցում Բագրատյանը ներկայացրել էր Հայաստան ժամանողների և մեկնողների թվերը՝ 2016, 2017, 2018 թվականներին, և դրանք համեմատել 2019-ի առաջին ինն ամսվա՝ հունվար-սեպտեմբերի հետ։ 

«Կա մեկնողների և եկողների տարբերություն, և կա այդ նույն թիվը Հայաստանի փաստաթղթերով։ 2016-ին այդ տարբերությունը -45 հազար է, Հայաստանի փաստաթղթերով քաղաքացիների դեպքում (ՀՀ անձնագրերով- խմբ.)՝ -54 հազար, 2017-ին թիվն իջնում է՝ -35 հազար, 2018-ին մենք ունենք +15 հազար մեկնողներ-եկողներ և ունենք -5 հազար հայկական փաստաթղթերով։ Եվ վերջապես 2019-ի ինն ամիսը՝ մենք ունենք տարբերություն -35 հազար՝ հայկական փաստաթղթերով մեկնողների և եկողների»,- ներկայացրել էր Բագրատյանը՝ պնդելով, թե եթե 2016-2018-ին Հայաստան տեղափոխվող հնդիկների թիվը քիչ էր, ապա 2019-ին արտագաղթի նվազումը Հայաստան եկած 37 հազար հնդիկների «հաշվին է»։  

Բագրատյանի այս պնդումը տարածվել էր tert.amyerevan.today168.am7or.am և այլ կայքերում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հրանտ Բագրատյանի ներկայացրած թվերը և պարզել՝ արդյո՞ք իրականում արտագաղթը կրկնապատկվել է, և արդյո՞ք դրական սալդոն Հայաստան տեղափոխված հնդիկների «շնորհիվ» է։

Ժամանած-մեկնածները

Այսպես, անդրադառնանք 2016-2018 թթ. Հայաստան ժամանածների և մեկնածների թվին։ 

Նշենք, որ Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված թվերը հիմնականում մոտ են վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին։

2016-ին Հայաստան ժամանածների ու մեկնածների թվի տարբերությունը եղել է -48,170, իսկ ՀՀ քաղաքացիները՝ -54,031։ 2017-ին եղել է -26,897, ՀՀ քաղաքացիները՝ -36,191, 2018-ին առաջին անգամ վերջին տարիներին Հայաստան ժամանածների թիվը մեկնածների թիվը գերազանցել է 15,317-ով, սակայն ՀՀ անձնագրերով մեկնումների ու ժամանումների տարբերությունը կրկին բացասական էր՝ -4585։ 

Սակայն Բագրատյանի կողմից 2016-2018 թթ. տվյալների համեմատությունը 2019-ի առաջին ինն ամսվա հետ (-35,549 ) ճիշտ չէ։ Համաձայն փետրվարի 5-ին հրապարակած՝ Հայաստանի ժողովրդագրական պատկերի Վիճակագրական կոմիտեի վիճակագրության՝ 2019-ի ամբողջ տարվա արդյունքներով եղել է ժամանողների և մեկնողների դրական տարբերություն. 10,506-ով ավելի շատ մարդ է մուտք գործել Հայաստան։ Եթե վերցնենք միայն ՀՀ քաղաքացիներին, ապա ՀՀ փաստաթղթերով (անձնագրերով) մեկնումների ու ժամանումների տարբերությունը շարունակում է բացասական մնալ՝ — 6,529։ 

Այս վիճակագրությունն էապես տարբերվում է Բագրատյանի ներկայացրած -35,000 թվից, որը միայն հունվար-սեպտեմբերին է վերաբերում։ Այդ շրջանում նման մեծ թիվն առաջին հերթին պայմանավորված է սեզոնային աշխատանքի մեկնողներով։ Այսինքն՝ Բագրատյանը ամբողջական պատկերը չի ներկայացրել։ 

Այստեղ նաև խոսք չի կարող լինել արտագաղթի տեմպերի կրկնապատկման մասին, քանի որ ՀՀ քաղաքացիների շրջանում արտագաղթի թիվը էականորեն նվազել է։ Եթե 2016-ին մոտ -48 հազար էր, 2017-ին՝ -36 հազար, ապա 2018-ին արդեն -4,500 էր, իսկ 2019-ին՝ -6,500։ 

Հնդիկները չեն փոխարինում հայերին

Հրանտ Բագրատյանը նշում է, որ 2019-ի առաջին ինն ամիսներին Հայաստան է եկել 37 հազար 519 հնդիկ՝ Հնդկաստանի քաղաքացի, ինչի հաշվին էլ ժամանածների և մեկնողների սալդոն դրական է։ 

Սակայն Հայաստան եկած հնդիկների մեծ մասն արդեն հեռացել է։ 

Ըստ միգրացիոն ծառայության ներկայացրած վիճակագրության, 2019-ին ավելի շատ Հնդկաստանի քաղաքացի լքել է Հայաստանը, քան ժամանել Հայաստան։ Այսպես, 2019-ին Հայաստան է եկել 38,735 Հնդկաստանի քաղաքացի և մեկնել 39,181-ը։ Տարբերությունը բացասական է՝ -446։ Այսինքն, 446-ով ավել հնդիկներ դուրս են եկել Հայաստանից, քան մուտք գործել Հայաստան։ 

Ինչ վերաբերում է մեկնածների և ժամանածների դրական սալդոյին, ապա միգրացիոն ծառայության տվյալներից պարզ է դառնում, որ մեծ մասամբ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիների մուտքերն են գերազանցում ելքերը, ինչի շնորհիվ էլ արտագաղթը պակասել է։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հրանտ Բագրատյանի պնդումները, թե Հայաստանում արտագաղթը կրկնապատկվել է, և մեկնածների ու ժամանածների դրական սալդոն Հայաստան եկած հնդիկների «հաշվին» է, չեն համապատասխանում իրականությանը։ 

Հովհաննես Նազարեթյան

https://fip.am/10340?fbclid=IwAR3cdTXC82fyUHFTev0IEsL9uT4FigZ4ugqgiVEERV8UweOP77U21tAwfn8

Այսօր Այս շաբաթ Այս ամիս