Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Պարոն վարչապետ, այս կերպարները մեր մեջ են, կռվում են միայնակ, հաղթում են միայնակ, իսկ ՀԱՂԹԱՆԱԿԸ սրտանց նվիրում են հայրենիքին և ժողովրդին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետին

Հարգելի պարոն վարչապետ, այսօր Ձեր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ տեսա, որում պատմվում էր 16-ամյա խելացի, մտածող և նպատակասլաց երիտասարդի մասին: Տեսանյութին կից գրել էիք.
ՙՙԱյսպիսին է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու իմ պատկերացրած իդեալական կերպար: Եվ իմ կյանքը նվիրված է հենց այս կերպարի հաղթանակին:
Ընդ որում, նկատի չունեմ հատկապես գործունեության տեսակը: Նկատի ունեմ մարդու վերաբերմունքը իր, իր անելիքի, միջավայրի և հնարավորությունների նկատմամբ՚՚:

Այս նամակով ուզում եմ ի դեմս Ձեզ՝ ի լուր հայ ժողովրդի, ուրախությամբ հայտնել, որ ճանաչում եմ Հայաստանի Հանրպետության մի քաղաքացու, ով վերջին 20 տարիների ընթացքում զբաղված է եղել հայ ժողովրդի անցած ռազմական ուղու մոռացված էջերի հավաքագրմամբ և վերլուծությամբ: Արդյունքում ունենք 5 հատորից բաղկացած Տարեգիրք, որը պարունակում է մ.թ.ա. 3000, մ.թ. 2020 թվականների միջնատարածքում 7448 ճակատամարտ, մարտ և ընդհարում, 3467 էջի վրա:Այսօր գիքը գտնվում է տպագրատանը, տպագրվելու է հեղինակի միջոցներով և ցավոք սահմանափակ քանակով: Գիրքն աննախաադեպ է, չկա նման երկրոդը, որի մեջ կլինի հայ ժողովրդի ռազմական պատմության այնքան սպառիչ տեղեկատվություն, որքան Տարեգիրքն է պարունակում: Այն հարուստ մի հանրագիտարան է շարադրված ոչ միայն պատմական դեպքերով, այլև դրանց վերլուծությամբ: Տարեգրքի առաքելությունը մեր ռազմական պատմության փաստերը մոռացությունից փրկելն է:
Հարգելի պարոն վարչապետ, իմ ճանաչած և Ձեր պատկերացրած Հայաստանի հանրապետության քաղաքացու իդեալական կերպարները գրեթե նույնն են, երկուսի գործն ու ջանքերն էլ ուղղաված են ի նպաստ հայրենիքի, ի նպաստ պետության և ժողովրդի: Իմ ճանաչած և Ձեր պատկերացրած կերպարները մեր մեջ են և քիչ չեն, պարզապես կռվում են միայնակ, հաղթում են միայնակ... Շուտով տպագրատնից կյանք ստացած դուրս կգա իմ ճանաչած և Ձեր պատկերացրած կերպարի ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հաղթանակ, որը կլինի ժողովրդինը, հայրենիքինն ու պետությանը: Բայց հարցնում եմ Ձեզ՝ որպես պետության ղեկավարի, որպես մարդու, ում կյանքը, ինչպես Դուք եք նշել, նվիրված է այս կերպարի Հաղթանակին, արդյոք սա այն հաղթանակն էր, որ պիտի լիներ սահմանափակ քանակով, մեկ անձի ջանքերի, աշխատանքի ու ներդրման գնով, արդյոք միջին վիճակագրական ցանկացած պատերազմող պետություն թույլ կտար, որ իր ռազմական պատմությունը սահմանափակ քանակով տպագրվի, տպագրվի այնքան, ինչքան թույլ կտա մեկ ընտանիքի բյուջեն:Այս կերպարի խրախուսումը կլինի արժանի գնահատանքը, իսկ լավագույն գնահատանքը պետության աջակցությունն է:
Պարոն վարչապետ, այս կերպարները մեր մեջ են, կռվում են միայնակ, հաղթում են միայնակ, իսկ ՀԱՂԹԱՆԱԿԸ սրտանց նվիրում են հայրենիքին և ժողովրդին:

 ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ 
Tamara Hakobyan
 
Այսօր Այս շաբաթ Այս ամիս