Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Օրինագծով տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում և, որ ցավալի է, գիտակցվա՛ծ տապալում

Խորհրդային տարիներին հայկական բուհերի աստիճանական ռուսացման փորձեր էին արվում: Մինչև իսկ Երևանի պետհամալսարանի հայկական բանասիրության ֆակուլտետում փորձում էին պարտադրել հենց բանասիրական հիմնական գիտակարգերից գոնե մեկ-երկուսը դասավանդել ռուսաց լեզվով, որը պարզապես արհամարհում էին մեր համալսարանական դասախոս գիտնականները: Սա էլ այն ժամանակների «ինտեգրումն» էր:
Լսում եմ կրթության նախարարի` Ազգային ժողովում փետրվարի 24-ի ելույթն ու ականջներիս չեմ հավատում: Ահա այդ ելույթի 7-րդ կետը. «Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ կմշակվեն, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը» (թե ծրագիրն ինչպես է հնարավոր դասավանդել, դա էլ ջոկ մտորելիք է):
1) Հայերենը ՀՀ պետական լեզուն է: Մի քանի օրենքով սահմանված է, որ դասավանդման լեզուն մեր կրթական հաստատություններում գրական հայերենն է: Եթե օտար լեզվով դասավանդման հնարավորություն է ստեղծվում, ինքնաբերաբար այդ օտարը ձեռք է բերում պետական լեզվի պաշտոնական կարգավիճակ` անկախ այն բանից, որ սահմանադրությամբ այն ամրագրված չէ որպես այդպիսին: Դրանով սահմանափակվում են հայերենի` պետական կարգավիճակից բխող գործառույթները, հայերենը զրկվում է պետական լեզու լինելու անմրցակցելի բացառիկությունից: Իսկ սա է՛լ ավելի է հեռացնում մեր պետությունն իրական անկախությունից:
2) Ոչ մի քաղաքակիրթ երկրում հանուն միջազգայնացման այնպիսի անարգման չի ենթարկվում նրա պետական լեզուն, ինչպես այդ արվում է Հայաստանում` ի վնաս հայերենի վարկի:
3) Նախարարն իր մեկնաբանության մեջ ասում է. «Այս օրենքը, ըստ էության, դիպչում է հասարակության յուրաքանչյուր խմբի շահերին»: Օրենքն ամբողջությամբ` չգիտեմ, բայց նրա ընթերցած 7-րդ կետով, ինչպես նաև այն կետերով, որոնցով «ազատություն է տրվում» համալսարաններին` ինքնուրույն որոշելու հայոց լեզվի, պատմության, գրականության դասընթացների կազմակերպումը ոչ մասնագիտական բաժիններում, օրինագծի հեղինակներն արհամարհում են համայն հայության ինքնության ապահովման անբեկանելի շահը:
4) Օրինագծի հեղինակներին հիշեցնելով, որ հիմա նախորդ բարձրագույն իշխանավորների դեմ դատավարություն է տեղի ունենում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, մարդասիրաբար գլխի եմ գցում, որ խնդրո առարկա օրինագծով տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում և, որ ցավալի է, գիտակցվա՛ծ տապալում, որովհետև ներկայիս նախարարը 10 տարի առաջ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնողական շարժման գործուն անդամներից էր, որոնց հետ պայքարում էր ժամանակի նախարար Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնության դեմ:
Թե՞ ինձ է թվում, որ պայքարում էր...

Դավիթ Գյուլզադյան

Այսօր Այս շաբաթ Այս ամիս