Երևան, 13.Հուլիս.2020,
--
:
--
,

Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր լինելով, ԱՄՆ-ում նոր ընկերություն է հիմնել: Ա. Նազարյանի ընկերությունները Հայաստանում բազմաթիվ պարտքեր են կուտակել գործընկեր կազմակերպություններին, դատարաններում դրանցից մի քանիսը սնանկ են ճանաչվել ու հետո լուծարվել, բայց պարտքերի մի մասն այդպես էլ չի մարվել: Ավելին՝ սնանկ է ճանաչվել նաեւ ինքը՝ Արմեն Նազարյանը, մեկ այլ վճռով սնանկ է հայտարարվել նրա մայրը՝ Նելլի Նազարյանը, ով եւս ընկերությունների սեփականատեր է եղել:   

Հիշեցնենք, որ Երեւանի երկարամյա ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն աշխատանքից ազատվել է 2013-ին, իսկ 2016-2018 թթ. զբաղեցրել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարար վարչության պետի պաշտոնը: Ոստիկանությունից ազատվելուց հետո Նազարյանների բիզնեսներն սկսեցին անկում ապրել, մամուլն էլ պարբերաբար գրում էր, որ նրանք ԱՄՆ են արտագաղթելու:

Բաց աղբյուրներում առկա են տվյալներ Արմեն Նազարյանի, նրա մոր եւ քրոջ ամերիկյան հասցեների մասին: Նկատենք, որ Ներսես Նազարյանի դուստրը՝ Նինան, 2017-2019 թթ. ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի կինն է, Արթուր Մանուկյանն իր հերթին նախկին պատգամավոր (2003-2007 եւ 2012-2017 թթ.), առողջապահության նախկին փոխնախարար (2007-2010 թթ.) Աբրահամ Մանուկյանի որդին է:

Նազարյանների հայաստանյան բիզնեսները

Արմեն Նազարյանը Հայաստանում մասնակցություն է ունեցել 12 ընկերություններում: Ասել, թե դրանց վրա չի եղել նրա գեներալ հոր ազդեցությունը, բնականաբար, միամտություն կլինի: Ավելին՝ սրանցից 5-ը լուծարվել են 2013-ի ապրիլից հետո, երբ պաշտոնանկ արվեց Ն. Նազարյանը: Ըստ ՊԵԿ-ի՝ Ա. Նազարյանի ընկերություններից 3-ի գործունեությունը ներկայում ժամանկավոր դադարեցված է, իսկ մնացած 4-ը գործում են:

Ահա այդ ընկերությունները՝

 

 

Ինչպես տեսնում ենք, ընկերությունների մեծ մասը հիմնադրվել է 2000-ականների ընթացքում եւ մինչեւ 2013 թ., այսինքն՝ Ն. Նազարյանի պաշտոնավարման ընթացքում: Լուծարված ընկերություններից 3-ը դատարանի կողմից սնանկ են ճանաչվել: Դրանք են «Բիզնես Լիդեր Հոլդինգ», «Ֆուդ Լիդեր» եւ «Ռեստո Լիդեր» ՍՊԸ-ները:

Արմեն Նազարյանի ընկերությունները սնանկացել են, որոշ պարտատերեր՝ մնացել ձեռնունայն

«Բիզնես Լիդեր Հոլդինգը» «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը շահագործած ընկերությունն է: Սնանկ է ճանաչվել 2015-ի սեպտեմբերին «Ամերիաբանկի» պահանջով: Ընկերությունը 2014 թ. 1.355.000 դոլարի վարկ էր վերցրել բանկից, որը պետք է մարեր 5 տարում, սակայն 2015-ից սկսել է չվճարել, ինչն էլ դարձել է դատարան դիմելու պատճառ: Սնանկության վճռից հետո Արմեն Նազարյանի ընկերության շուրջ 60 պարտատերերը՝ բանկերը, մատակարարներն ու այլ ընկերություններ, պետական մարմիններ, հերթ են կանգնել՝ իրենց գումարները ստանալու համար: Լուծարման վարույթում գտնվող «Բիզնես Լիդեր Հոլդինգի» սեփական, ինչպես նաեւ նրա պարտավորությունների համար գրավադրված, բայց երրորդ անձանց պատկանող անշարժ ու շարժական գույքը հանվել է վաճառքի: Վաճառվել է 12 լոտ (այդ թվում՝ առանձնատուն, հողամաս, 2 միավոր տարածք Երեւանում, հողամաս Առինջ գյուղում, 2 բնակելի տուն Կարբի գյուղում), ինչի արդյունքում, սակայն, վճարումներ են կատարվել միայն 5 պարտատիրոջ, գոյացած գումարի մի մասով էլ փակվել են այլ ծախսեր: Նույնիսկ հետախուզում հայտարարելուց հետո այդպես էլ չեն հայտնաբերվել «Բիզնես Լիդեր Հոլդինգի» անունով հաշվառված մեքենաներից 5-ը (սրանցից 4-ը՝ հին մակնիշի): Առկա լոտերը վաճառելուց եւ գումարները բաշխելուց հետո 2019 թ. դատարանը որոշել է ավարտել սնանկության գործը, «Բիզնես Լիդեր Հոլդինգը» լուծարվել է:

Հետաքրքիր է, որ 2015-ի սեպտեմբերի նույն օրը նույն դատավորը «Բիզնես Լիդեր Հոլդինգի» նման սնանկ է հայտարարել Արմեն Նազարյանի «Ռեստո Լիդեր» ընկերությանը: Դիմողը կրկին «Ամերիաբանկն» էր: Վերջինս 2013-2015 թթ. 3 անգամ վարկ էր տվել Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերությանը՝ ընդհանուր ավելի քան 1,5 մլն դոլարի չափով: Սնանկությունից հետո հայտնվել են այլ պարտատերեր եւս, հիմնականում՝ մատակարարներ: Պարզվել է, որ «Ռեստո Լիդերի» պարտավորությունների համար գրավադրված է 2 անշարժ (այդ թվում՝ բնակարան Հյուսիսային պողոտայում) եւ 28 միավոր շարժական գույք: Դրանք իրացվել են, բայց ստացված գումարները բավարար չեն եղել՝ բոլոր պարտատերերի պարտքերը մարելու համար: 2018-ին սնանկության գործն ավարտվել է, իսկ «Ռեստո Լիդերը»՝ լուծարվել:   

2016-ի նոյեմբերին պետության հանդեպ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով ՊԵԿ-ի պահանջով սնանկ է ճանաչվել Ա. Նազարյանի «Ֆուդ Լիդեր» ընկերությունը: Պարզվել է, որ վերջինս ունի միայն 4 հատ ավտոմեքենա, որոնք, ինչպես նաեւ ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված եւ երրորդ անձի պատկանող անշարժ գույքը (Երեւանի կենտրոնում՝ Բուզանդի փողոցի նորակառույցներից մեկում գտնվող) վաճառվել են: Գոյացած գումարով, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ մարել պարտատերերի (բանկեր, ՊԵԿ) պահանջները: «Ֆուդ Լիդերի» սնանկության գործն ավարտվել է ընկերության լուծարմամբ 2017-ին:

Սնանկ են ճանաչվել նաեւ նախկին պաշտոնյայի որդին ու կինը

Արմեն Նազարյանն իր ընկերությունների պես եւս սնանկ է հայտարարվել: Առաջին անգամ նրան սնանկ ճանաչելու համար դատարան է մտել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը 2015-ին, սակայն հետո դիմումը հետ է վերցրել: 2016-ին «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ն է դիմել դատարան՝ ընդդեմ Ներսես Նազարյանի որդու: Այսպես՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» եւ «Ռոյալ Իգլ» ՍՊԸ-ները շուրջ 98 մլն դրամի պարտք են եղել մատակարար «Սարգիս Կարոլինային», եւ 2014-ին Ա. Նազարյանը երաշխավորության պայմանագրով պատասխանատվություն է ստանձնել պարտքի ամբողջական մարման համար, որի վերջնաժամկետը 2015-ին էր, սակայն նա չի կատարել իր պարտավորությունը: Թե՛ Արմեն Նազարյանի վերը նշված սնանկացած 3 ընկերությունները, թե՛ ինքը չեն վիճարկել իրենց դեմ բերված դիմումները: 2016-ի մարտին դատարանը սնանկ է ճանաչել Ա. Նազարյանին եւ արգելանք դրել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել: Ըստ datalex.am տեղեկատվական հարթակի՝ այս գործն առայժմ անավարտ է:

Որդուց 5 ամիս՝ 2016-ի օգոստոսին, սնանկ է հայտարարվել նաեւ Նելլի Նազարյանը, ում ամուսինը՝ Ներսես Նազարյանը, այդ ժամանակ արդեն փրկարար ծառայության պետի տեղակալն էր: Այս անգամ դիմումատուն եղել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, որը 2013-ին տիկնոջը 200.000 դոլարի վարկ էր տվել: Երաշխավոր էին դարձել Ա. Նազարյանի 3 ընկերությունները՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ», «Ռեստո Լիդեր» եւ «Թոփ Դիլ Էնթերփրայզ» ՍՊԸ-ները, բայց որոշ ժամանակ անց երաշխավորության պայմանագրերը վերաշարադրվել էին, ու Նելլի Նազարյանի պարտավորությունների կատարման համար գրավադրվել էր «Բիզնես Լիդեր Հոլդինգին» պատկանող տարածքը Երեւանում (Հ. Հակոբյան 3/15 հասցեում, որտեղ ժամանակին «Մոսկվիչկա» սուպերմարկետներից մեկն էր), որը նաեւ «Ամերիաբանկում» էր գրավադրվել: Քանի որ Նելլի Նազարյանը չի կատարել վարկային պարտավորությունները, բանկը դիմել է դատարան, եւ Ներսես Նազարյանի կինը սնանկ է ճանաչվել: 2017-ի հունվարին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «Արդշինբանկին», եւ հենց վերջինս է դարձել Ն. Նազարյանի պարտատերը, պարտքի գումարը՝ մոտ 455 հազ. դոլար: Datalex.am-ի տվյալներով՝ սնանկության գործն ավարտվել է 2017-ին մայիսին:    

ԱՄՆ-ն՝ Նազարյանների նոր հանգրվան

Սնանկ ճանաչված ու դեռեւս անավարտ դատական գործի առանցքում գտնվող Արմեն Նազարյանը հասցրել է ԱՄՆ-ում նոր ընկերություն հիմնել: 2018-ի հունվարին նա Լոս Անջելեսում (133 South Doheny Drive) գրանցել է «NNL Group Inc»-ը, որի գործունեության ոլորտ է նշվում առեւտուրը: Իբրեւ ընկերության գործադիր, ֆինանսական ղեկավար ու քարտուղար նշվում է Ա. Նազարյանի անունը: «NNL Group»-ի եւ ամերիկյան բաց աղբյուրներում նշված Արմեն Նազարյանի բնակության հասցեն համընկնում են: Դա բնակելի շենք է, որտեղ, սակայն, ըստ մեր տեղեկությունների, Նազարյանը սեփականություն չունի:

Այն, որ «NNL Group»-ի սեփականատեր Արմեն Նազարյանը հենց Ներսես Նազարյանի որդին է, պարզել ենք ամերիկյան բաց տվյալների բազաներում փնտրելով. համընկնում են ոչ միայն անձնական տվյալները, այլեւ հավանական հարազատները՝ Ներսես, Նելլի, Նինա Նազարյաններ (տես ստորեւ):

 

 

Նկարում կարող ենք տեսնել նաեւ Ա. Նազարյանի ամերիկյան նախկին հասցեն (12030 Crest Court, Beverly Hills), որի սեփականատերերը հայեր են, բայց ոչ Նազարյանները: Այս նույնը նշվում է նաեւ որպես Նելլի Նազարյանի հասցե:

2020-ի հունվարին Ա. Նազարյանը փոխել է «NNL Group»-ի գրանցման վայրը՝ տեղափոխելով Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամաս (20318 Clark Street, Woodland Hills): Ընկերության փաստաթղթերում նույնը նշվում է որպես նրա հասցե: Սա առանձնատուն է, սակայն մենք պարզել ենք, որ Ա. Նազարյանն այստեղ եւս սեփականություն չունի: 

Ստացվում է, որ Հայաստանում պաշտոնյա հոր օրոք բիզնեսներ ծավալած, բայց պաշտոնանկությունից հետո մեծածավալ ու բազմաթիվ պարտքերի պատճառով դատական քաշքշուկների մեջ հայտնված, նույնիսկ անձամբ սնանկ հայտարարված Արմեն Նազարյանը ԱՄՆ-ում նոր ձեռնարկ է սկսել, իսկ նրա սնանկության գործը Հայաստանում դեռ ընթացքի մեջ է: 

https://hetq.am/hy/article/117726?fbclid=IwAR19byb2z6tyOWNykjWXz4MWgmJETpHs2q0R1PqWWpBWCwrDgw0zd0wCWvM#.XtPQmhr5b1w.facebook

Այսօր Այս շաբաթ Այս ամիս